Posted in Առաջադրանք 7-րդ դասարան, 2021-22թթ

Առաջադրանք, 7-րդ դասարան, դեկտեմբերի 6-12-ը

Առաջադրանք 1

§ 2-3. ԱՐՇԱԿ II-Ի ԵՎ ՊԱՊԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Կուրացված Տիրանը հեռացավ իշխանությունից
Երկրի կառավարումից Տիրանի հեռանալուց հետո Շապուհ II-ը հույս ուներ Հայաստանը դարձնել իր հավատարիմ դաշնակիցը։ Այդ նպատակով նա անմիջական աջակցություն ցուցաբերեց Տիրանի որդի Արշակին հայոց
թագավոր դառնալու հարցում։
Արշակ II-ի (350-368 թթ.) կառավարման առաջին տարիները խաղաղ էին։ Գահ բարձրանալով՝ նա արքունիք վերադարձրեց Մամիկոնյաններին, իսկ կաթողիկոսական աթոռը վերադարձվեց Գրիգոր Լուսավորչի
տոհմին: Կաթողիկոս հռչակվեց Ներսեսը, ով սպանված
հայոց կաթողիկոս Հուսիկի թոռն էր:

  • Տեքստային աշխատանք
    Ծանոթացեք մեջբերված հատվածին՝ զուգահեռ
    աշխատելով բերված պնդումների և հարցերի հետ։
    Մեջբերված հատվածում ներկայացված են Արշակ
    II-ի կողմից արքունիքում կատարված վերափոխումները։
    …Որովհետև նրանք Տիրանի խելագար գործերի
    ժամանակից ի վեր պառակտվել, անջատվել էին Հայոց
    միաբանությունից և բոլոր գործերից: Թագավորը Վարդանին՝ ավագ եղբորը, նշանակեց նրանց ցեղի նահապետ, միջին եղբորը՝ Վասակին, իր դայակին, նշանակեց սպարապետ և զորավար պատերազմական գործերում, նույնպես և կրտսերին նշանակեց զորապետ:
    Եվ Հայաստան աշխարհի թագավորությունը նորոգվեց ու պայծառացավ ինչպես առաջ. մեծամեծներն իրենց գահերում, գործակալներն իրենց աստիճաններում: Եվ առաջին գործակալ–հազարապետ նշանակեց շինականներին շենացնող Գնունյաց ցեղը, որպեսզի իբրև բոլոր երկրի հազարապետներ՝ հոգատարությամբ
    խնամեն աշխարհաշեն՝ աշխարհը կերակրող գյուղացիությանը:
    Փավստոս Բուզանդ, Հայոց պատմություն


    Կարելի է ենթադրել, որ Արշակ II-ը ցանկանում էր իրեն շրջապատել վստահելի և զորեղ ազնվականներով։
  • Արշակ II-ի այս քայլերը կարելի է անվանել արքունական բարենորոգումներ։ 
  • Մեկնաբանի՛ր «աշխարհը կերակրող գյուղացիություն» գեղեցիկ ձևակերպումը:

Արշակը կարճ ժամանակում կարողացավ ուժեղացնել բանակը: Այն բաժանեց չորս մասի և տեղափոխեց երկրի չորս ծայրամասեր, որպեսզի երկիրը պաշտպանված լիներ հանկարծակի հարձակումներից: Արշակ II-ի օրոք ներքին կյանքի համակեցության բարելավմանը ուղղված ամենակարևոր քայլը 354 թ. հրավիրված Աշտիշատի ժողովն էր: Ժողովը հրավիրվեց կաթողիկոս Ներսես Մեծի նախաձեռնությամբ, և այնտեղ երկրին վերաբերող կարևոր որոշումներ կայացվեցին։ Այդ որոշումների մեջ կենտրոնական տեղ էր գրավում ժողովրդի
շրջանում արմատացած հեթանոսական սովորույթների հաղթահարումը։ Ժողովի որոշմամբ բացվեցին դպրոցներ, հիվանդանոցներ, որբանոցներ, աղքատանոցներ, իջևանատներ:


Տեքստային աշխատանք
Ծանոթացեք մեջբերված հատվածին՝ զուգահեռ աշխատելով բերված պնդումների և հարցերի հետ։
Մեջբերված հատվածում ներկայացված է Ներսես Մեծ կաթողիկոսի գործունեությանը վերաբերող հատված։
Բյուզանդիայից Կեսարիա վերադառնալով` նա եկավ
Հայաստան և իր հայրենիքի բոլոր ուղղության կարգերը նորոգեց, և ավելին ևս, որովհետև ինչ բարեկարգություններ որ նա տեսավ Հունաստանում՝ մանավանդ թագավորանիստ քաղաքում, նույնը սահմանեց և մեր երկրում:
Նա եպիսկոպոսների և աշխարհակալների ժողով գումարեց, կանոնական սահմաններով հաստատեց ողորմածությունը, արմատախիլ արեց անգթությունը… Որովհետև բորոտները հալածվում էին իբրև օրենքով պիղծ ճանաչված մարդիկ, ուրուկներին էլ փախուստի էին ենթարկում, որպեսզի ախտը նրանցից ուրիշների վրա չփոխադրվի, նրանց կացարաններն անապատներն էին
և ամայի տեղերը, նրանց ծածկույթը` քարերն ու մացառները, իրենց թշվառության մեջ նրանք ոչ ոքից մխիթարություն չէին գտնում: Բացի դրանցից, հաշմանդամները չէին խնամվում, անծանոթ հյուրեր չէին ընդունվում, օտարականները պաշտպանություն չէին գտնում։
Եվ նա հրամայեց, որ ամեն մի գավառում շինեն աղքատանոցներ առանձնացած անբնակ տեղերում, որպեսզի հունաց հիվանդանոցների նման մխիթարություն լինեն մարմնով վշտացածներին: Այս հիվանդանոցների վրա
բաշխվեցին ավանները և ագարակները, որպեսզի իրենց
արտերի արդյունքներից, արածող անասունների կթից ու
բրդից բաժին հանեն և պարտավորաբար նրանց պետքերը
հոգան, հեռվանց հեռու, իսկ նրանք դուրս չգան իրենց բնակության սահմանված շենքերից: Այս գործը նա հանձնեց Խադ անունով իր սարկավագին, որ Կարինի Մարգաց գյուղից էր: Նույնպես սահմանում է, որ բոլոր գյուղերում իջևաններ շինվեն օտարականների համար, սնունդի տեղեր որբերի և ծերերի համար և խնամք չքավորների համար:
Շինում է նաև անապատ և անմարդաբնակ տեղերում եղբայրանոցներ և մենաստաններ և ճգնողների համար՝ խրճիթներ: Եվ նախարարական ցեղերի միջից վերացնում է այս երկու բանը.- առաջին` խնամիությունը մերձավոր ազգականների միջև…, և երկրորդ` որ մեռածների վրա ոճիրներ էին գործում հեթանոսական սովորությամբ:

Մովսես Խորենացի, Հայոց պատմություն


 1.Այն, ինչ նկարագրում է Խորենացին՝ կապված հույների օրինակով Ներսեսի կատարած բարեփոխումների հետ, կարելի է անվանել արտաքին լավագույն
փորձի տեղայնացում Հայաստանում։ Հարկ է նշել,
որ լավագույն փորձի տեղայնացումը միշտ էլ դրական երևույթ է, եթե այդ գործընթացում հաշվի են առնվում տեղական առանձնահատկությունները։
2.Ինչպես կարելի է հասկանալ տեքստից, Ներսես կաթողիկոսի բարենորոգումների նպատակն էր բարենորոգումների միջոցով հասարակության մեջ սերմանել նաև փոխադարձ հոգածության,
պատասխանատվության և համերաշխության արժեքներ։ Այդ է փաստում այն հանգամանքը, որ նա հիվանդանոցների, աղքատանոցների և այլ կառույցների ծախսերը հոգալու պարտականությունը դրեց երկրի բնակավայրերի վրա։
 3.Այս և բազում այլ մեծ գործերի համար էլ Ներսես կաթողիկոսն արժանացել է «Մեծ» պատվանվանը։



Չնայած ներքին կյանքում բարեկարգության տանող քայլերին՝ Արշակը թույլ տվեց էական սխալներ, որոնք վնաս հասցրին հայոց պետականությանն ու ներքին անդորրին: Մասնավորապես, նա Կոգովիտ գավառում՝ Մասիսի
հարավային ստորոտին, սկսեց կառուցել մի քաղաք, որը կոչվեց Արշակավան։ Ներսես կաթողիկոսը հորդորեց Արշակին հետ կանգնել քաղաքը կառուցելու մտքից՝ խոստանալով հետագայում նրա համար քաղաք կառուցել «օրինական ճանապարհով», քանի որ քաղաքը բնակեցնելու նպատակով Արշակ II-ը տարօրինակ հրաման էր արձակել։ Նա երկրի գավառներն ուղարկված
սուրհանդակների միջոցով տեղեկացրել էր, որ բոլոր նրանք, ովքեր ունեն պարտքեր, գործած հանցանքներ, այլ պարտավորություններ, տեղափոխվելով և բնակություն հաստատելով Արշակավանում՝ կխուսափեն հատուցումից և պատասխանատվությունից։ Այսպիսի հրովարտակը կարող էր նախարարների դժգոհության պատճառ դառնալ, իրավունքների ու արդարադատության խախտում համարվել, ահա թե ինչու էր կաթողիկոսը հորդորում Արշակին ետ կանգնել այդ մտադրությունից։ Արշակը չլսեց կաթողիկոսին և, շտապողականություն ցուցաբերելով, ավարտին հասցրեց քաղաքի կառուցումը: Պատմիչների նկարագրությամբ՝ կարճ ժամանակ անց նորաստեղծ քաղաքը լցվում է զանազան օրինազանցներով ու հանցագործներով, ինչպես նաև ծանր պարտքեր ու պարտավորություններ ունեցող բազմաթիվ գյուղացիներով։ Քաղաքը, գտնվելով առևտրական ճանապարհների խաչմերուկում, կարճ
ժամանակամիջոցում դարձավ արհեստագործական և տնտեսական կարևոր կենտրոն: Սակայն քաղաքի բնակեցման գործընթացն առաջացրեց նախարարներից շատերի դժգոհությունը, քանի որ նախարարները
զրկվել էին իրենց հողերում բանող բազմաթիվ «աշխատող ձեռքերից»։ Նրանք համարում էին, որ խախտվել է իրենց սեփականության իրավունքը։ Թագավորի և նախարարների միջև հարաբերություններն այն աստիճան սրվեցին, որ վերջիններս դիմեցին պարսից Շապուհ արքային՝ վեճը հարթելու համար: Ընդառաջելով նախարարների խնդրանքին՝ նա Հայաստան է ուղարկում զորքեր: Դժգոհ նախարարները՝ Ներսեհ Կամսարականի գլխավորությամբ և պարսկական զորքի օգնությամբ, ավերում են Արշակավանը: Արքայի և նախարարների միջև եղբայրասպան պատերազմը, հավանաբար, դեռ
երկար կշարունակվեր, եթե չմիջամտեր կաթողիկոսը։
Ներսես Մեծի ջանքերով խաղաղություն է հաստատվում, և Արշակ II-ը պարտավորվում է չպատժել նախարարներին։ Դրժելով ձեռք բերված համաձայնությունը՝ նա դաժանորեն պատժում է իր դեմ պատերազմին
և Արշակավանի կործանմանը մասնակցած մի շարք նախարարական տոհմերի։


Դաշնակցի և յուրայինների դավաճանություն, նոր պատերազմներ


Արշակ II-ի կառավարման ժամանակ կրկին սրվեցին պարսկա-հռոմեական հարաբերությունները: Երկու երկրների համար կարևոր ռազմական և տնտեսական նշանակություն ուներ Հայկական լեռնաշխարհը, ուստի նրանք ամեն կերպ փորձում էին իրենց ազդեցության տակ պահել հայոց թագավորներին, այս անգամ՝ Արշակ II-ին:
Հուլիանոսին փոխարինած Հովիանոսը 363 թ. հաշտություն կնքեց պարսիկների հետ: Հովիանոսի կնքած այդ դաշինքը հռոմեացի պատմիչները կոչեցին «Ամոթալի դաշինք»: Այս առիթն օգտագործելով՝ հաջորդ տարի
Շապուհ II-ը հսկայական բանակով ներխուժեց Մեծ Հայք: Շապուհին աջակցում էին որոշ հայ նախարարներ՝ Մերուժան Արծրունու և Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ:



Ուշադրությո՛ւն դարձրու
Ինչպես հիշում եք, Շապուհը հետևում էր Հայաստանում կատարվող դեպքերին և հարմար առիթի էր սպասում, որպեսզի խառնվեր Հայաստանի ներքաղաքական գործերին։



Հայկական բանակը 4 տարի շարունակ, տաղանդավոր սպարապետ Վասակ Մամիկոնյանի գլխավորությամբ, կարողացավ ետ մղել պարսիկներին երկրի
սահմաններից: Շապուհը տեսնելով, որ պատերազմով չի կարողանում հաղթել, ընտրեց ստի և խարդախության ճանապարհը: Բարեկամ ձևանալով Արշակին՝ Շապուհը հայտնեց, որ ցանկանում է բանակցել և, կնքած աղ ուղարկելով, նրան հրավիրեց Տիզբոն: Արշակը, հավատալով Շապուհի երդմանը, սպարապետ Վասակի հետ մեկնեց Պարսկաստանի մայրաքաղաք: Այստեղ նրանց անմիջապես ձերբակալեցին:Շապուհի կարգադրությամբ Արշակին բանտարկեցին Անհուշ բերդում, իսկ Վասակ սպարապետին սպանեցին: Կարճ ժամանակ անց Արշակ II-ն այս բերդում էլ մահացավ։


Արտագերս անառիկ ամրոցը՝ պաշարված

Արշակ Երկրորդի և Վասակի սպանությամբ խորացավ նախարարների անմիաբան վիճակը: Սա պատճառ դարձավ, որպեսզի պարսկական զորքերը, առանց դիմադրության հանդիպելու, ասպատակեն երկիրը՝ մեծ վնաս հասցնելով հասարակական կյանքի բոլոր բնագավառներին: Այս ծանր պայմաններում Փառանձեմ թագուհին ամրացավ Արտագերս ամրոցում: Ամրոցը գրավելու պարսկական զորքերի առաջին փորձն անհաջողության մատնվեց։ Տեղի բնակչությունը հերոսական
պայքար մղեց հանուն Արտագերսի պաշտպանության:
Սակայն պաշարման հետևանքով շուտով ծանր վիճակ ստեղծվեց բերդում։ Փառանձեմը կարողացավ պատգամավորություն ուղարկել Վաղես կայսերը՝ խնդրելով օգնություն բերելու նպատակով Հռոմ մեկնած Արշակ
II-ի որդի Պապին ճանաչել Հայաստանի թագավոր։ Նա նաև խնդրում էր օգնական զորք տրամադրել պարսիկների դեմ պայքարը շարունակելու համար: Վաղեսը Պապին, Տերենտիոս զորավարի հետ, փոքրաթիվ զորքով ուղարկեց Հայաստան: Այս լուրը լսելով՝ Շապուհը կրկին պաշարեց Արտագերսը: Հյուծված հայկական զորքերը այս անգամ չկարողացան դիմադրել պարսիկներին, իսկ Փառանձեմը գերի ընկավ և սպանվեց:



Ուշադրությո՛ւն դարձրու
363 թ. պայմանագիրը «Ամոթալի» կոչվեց, որովհետև Հովիանոսը ոչ միայն զիջեց
հռոմեական տիրապետության տակ գտնվող նահանգներ,
այլև ըստ դաշինքի պարտավորվեց ռազմական
օգնություն չցուցաբերել իր դաշնակից Հայաստանին:



Հսկայական բնակչություն բռնի գաղթեցվեց Պարսկաստան, հողին հավասարեցվեցին Մեծ Հայքի խոշոր քաղաքները՝ մշակութային և տնտեսական կենտրոնները: Այս դեպքերից հետո պարսիկները Հայաստանում սկսեցին մի քաղաքականություն, որի նպատակն էր քրիստոնեության փոխարեն զրադաշտության սերմանումը և հայոց լեզվի փոխարեն՝ պարսկերենի տարածումը:

Թողնել մեկնաբանություն