Posted in Ուսումնական ճամփորդություն

Ուսումնական եռօրյա ճամփորդություն Արատեսի դպրական կենտրոնում/ամփոփում/

20190209_163647Մեր ուսումնական եռօրյա ճամփորդությունը սկսվեց փետրվարի 8-ին/ըստ նախագծի/: Ժամը 10.50 րոպե հավաքվեցինք գրադարանում, ներկայացրեցինք մեր եռօրյա ուսումնական ճամփորդության նախագիծը, տիար Բլեյանը մեզ բարի ճանապարհ մաղթեց , մենք էլ մի խումբ վեցերորդ դասարանցիների հետ ճանապարհ ընկանք: Բոլորի տրամադրությունը շատ բարձր էր, ճամփորդական, զինված՝ հեռադիտակով, կողմնացույցով: Բաբաջանյան փողոցով ուղևորվեցինք, անցանք Բագրատունյաց, Արշակունյաց պողոտաները, Նորագավիթով, Այնթապով դեպի  Արտաշատ.Սուրենավանով, Արմաշով ,Երասխով. ճանապարհին  հեռադիտակով փորձում էինք տեսնել մեր սահմանները պահող զինվորներին՝ մեր հայրենիքի պատմությանը ժամանակ առ ժամանակ անդրադառնալով, Տիգրանաշենով, Զանգակատնով, մտանք Վայոց Ձոր, մեզ դիմավորեց Ելփին՝ առաջին գյուղը :Ճանապարհը շարունակեցինք ,Հասանք գյուղ Արենի,

որը Երևանից հեռու է 110կմ, գտնվում է Վայոց ձորի  մարզում ,Արփա գետի ստորին հոսանքի երկու կողմերում: Արենին հայտնի է իր «Արենի տեսակի գինիով, գյուղի գերակա զբաղվածությունը խաղողագործությունն է, գինեգործությունը: Մեզ սպասում էին «Հին Արենի» գինու գործարանի աշխատակիցները. նախօրոք պայմանավորվածություն ունեինք:Ժպիտով ընդունեցին, պատմեցին իրենց գինու գործարանի մասին, ներկայացրեցին , թե ինչպես են գինի ստանում, ինչ տեսակներ կան, գնացինք  մառանը, սիրով պատասխանում էին ոգևորված սովորողների հետաքրքրությամբ լի հարցերին, մեզ հրավիրեցին, որպեսզի աշնանը կրկին այցելենք , երբ կսկսեն հավաքել խաղողը, մեր տվյալները իրար փոխանցեցինք, շնորհակալություն հայտնեցինք ու շարունակեցին ճանապարհը:

Տեսանյութը՝ Մանան Սեմիրջյանի/6-րդ դասարան//առաջին օր/

Ճանապարհը հարթ էր, մաքուր, մենք էլ անհամբեր սպասում էինք , թե երբ է մեր շուրջը ձյուն լինելու, արդեն չէինք հավատում, որ Արատեսը լի է ձյունով: Հաղթահարեցինք Շատին-Եղեգիս-Հերմոնը: Պարզվում է՝ Արատեսը գտնվում է Հերմոնից 4կմ հյուսիս արևելք. Վարդենիսի լեռների հյարավային լանջերին , Եղեգիսի Արատես վտակի ափին: Մեր առջև բացվեց հեքիաթային Արատեսը՝ ճերմակածածկ լեռների մեջ ծվարած իր գողտրիկ գեղեցկությամբ, շունչներս պահած մի պահ լուռ հմայվում էինք, միայնակ, բայց հյուրընկալ հմայելու գերբնական ուժով տոգորված. շուրջդ մեղեդու պես տարածվում է ..Արի ու տես, աարի ու տեսսսս.

Սա էլ մեր այդքան սպասված Արատեսը: Փոքր-ինչ հոգնել էինք արդեն, գրեթե 3ժամ տևած մեր ուղևորությունից:Մեզ դիմավորեցին մեր հերմոնցի ընկերները՝Տարոնը, Գայը: Իրար օգնելով, մի քանի իր սահնակի վրա դնելով ,քայլեցինք դեպի մեր տնակները, տեղավորվեցինք, արագ պատրաստեցինք ընթրիքը, թարմացանք,ու պահը չկորցրեցինք մթությունը ճերմակ ու շողշողուն  ձյունով լուսավորված Արատեսը վայելել:Արատեսի լռությունը խախտվեց մանուկների աշխույժ աղմուկ -աղաղակով, քրքիջով, ծիծաղով, երգի ելևէջներով…մի խումբը պարում էր, մի քանիսը փորձում էին օրը լուսաբանող տեսաֆիլմի մոնտաժն ավարտել, մյուսները վառարանի շուրջը հավաքված տրամաբանական խնդիրների պատասխաններն էին փնտրում, հասցրեցինք վառարանի վրա սովորողների սիրելի կարտոֆիլից պլեչը  պատրաստել:Հոգնած, բայց մի կերպ փակեցինք մեր աչքերը:

Տնակի մեծ պատուհանները թույլ էին տալիս վայելել Արատեսը՝ վաղ առավոտյան քո տաքուկ անկողնում պառկած:20190209_141211

Առավոտյան 08.30 բոլորս վեր կացանք, նախավարժանքը սեգ լեռների ներկայությամբ կատարեցինք, գնացինք նախաճաշելու :

Տեսանյութը՝ Մանան Սեմիրջյաին /Օր երկրորդ/

 

 

Ձյուն չտեսած երևանցիներս այնքան սահեցինք մեր սահնակներով ու դահուկներով, ձների մեջ մի լավ թավալ եկանք:

Կեսօրին այցելեցինք Արատեսի վանքը , այն գտնվում է Եղեգիս գետի Արատես վտակի ափին, բլրի վրա: Արատեսի վանքի գլխավոր եկեղեցին չափսերով փոքր, բայց շատ գեղեցիկ է։ Նրա գմբեթի մեծ մասը փլված է, իսկ պատերը խարխուլ վիճակում են։ Ժողովրդական ստուգաբանությամբ`անունն առաջացել է «արի» և «տես» բառերի զուգորդումից։

Վանքը հիմնականում բաղկացած է կիսավեր երեք եկեղեցիներից և գավթից։ Հյուսիսից հարավ կողք կողքի տեղադրված են Սբ Սիոն, Սբ Կարապետ և Սբ Աստվածածին եկեղեցիները։Սբ Սիոն եկեղեցին թվագրվում է 7-րդ դարով։ Վանքի հակառակ կողմում գտնվում է Սբ Աստվածածին եկեղեցին։ Այն պատկանում է խաչագմբեթ եկեղեցիների տիպին, կառուցման ժամանակն անհայտ է, սակայն ներքուստ կա 1073 թ. արձանագրություն։Սբ Սիոն և Սբ Աստվածածին եկեղեցիների միջև կառուցվել է քառակուսի հատակագծով Սբ Կարապետ գավիթ-եկեղեցին, որի կառուցման ստույգ տարեթիվը հայտնի չէ, բայց ներքուստ պահպանվել է 1251թ. արձանագրություն։
Վանքի ուշագրավ հուշարձանը գավիթ-ժամատունն է։ Այն իշխան Սմբատ Օրբելյանի պատվերով 1270 թ. կառուցել է տվել վանքի առաջնորդ Հայրապետը` ճարտարապետներ Սիրանեսին և Գրիգորիսին։ Գավթի ծածկն իրականացված է փոխհատվող կամարների կիրառման ինքնատիպ ձևով` հյուսիս-հարավ ուղղությամբ ձգվող մեկ զույգ կամարներից դեպի արևելյան և արևմտյան պատերին են ուղղված մեկական կիսակամար։ Զույգ կիսակամարների կենտրոնում շրջագծային հիմքով ստալակտի-տավոր գմբեթն է (այժմ` քանդված)։
Ստեփանոս Օրբելյան մետրոպոլիտի ժամանակ՝ 1280-ական թթ. վերջերից, Արատեսի վանքը եղել է Սյունյաց մետրոպոլիտների ամառային նստավայրը (բուն աթոռանիստը գտնվում էր Նորավանքում)։ Արատեսը եղել է գրչության կենտրոն։Վանքի ամենավաղ արձանագրությունը վերաբերում է 907, իսկ ամենաուշը` 1713 թվականին։//Աղբյուրը ՝տես/

Պարզվում է ,որ նախկինում ադրբեջանաբնակ այս գյուղում չկա մի տուն, որի պատերում  խաչքար կամ խոնարհված եկեղեցուց բեկոր չլինի։

Պատմեցինք Արատես վանքի մասին,/նախօրորք սովորողները բաժանվել էին խմբերի. յուրաքանչյուրն ուներ իր պատասխանատվությունը/:Կիսավեր եկեղեցին լցվեց մեր «Հայր Մեր» աղոթքով, «Այբ-Բեմ- Գիմ», «Ազգային օրհներգ» երգերով:

Այնուհետև քայլեցինք դեպի Արատես վտակի ափը/տեսանյութ/, ձյունոտ ճանապարհը հաղթահարելով իջանք դեպի ձորը, ու հմայվեցինք հեքիաթային,առեղծվածային տեսարաններով. մեծ , փոքր ամեն մեկը իր աշխարհով վայելում էր բնության այդ գողտրիկ անկյունը, լսում գետի քչքչոցը, հասանք անգամ Սառնաղբյուր կոչված վայրը, որտեղից համարձակները մաքուր ջուր խմեցին, քարերիի մեջ մխրճված ծառը նկատեցինք, այրերի վրա արված խաչերը, ու բնությունից ոգևորված հիշեցինք ու բարձր արտասանեցինք Թումանյան,կարծես մեր ձայները տարածվում էր դեպի վեր ու տարածվում անսահման տիեզերք, Կոմիտաս երգում էինք քնքուշ ու մեղմ, որ չարթնացնենք ձմեռային քուն մտած բնությանը:

Օրը լեցուն էր, հագեցած, գեղեցիկ ու տպավորիչ:

 

 

Երրորդ օրը սովորողները պատրվակներ էին հորինում, որպեսզի ևս մի քանի օր մնային Արատեսում: Մեր թերի մնացած գործերը վերջացնելուց, ամեն ինչ կոկիկ տեսքի բերելուց հետո, իրերը հավաքեցինք ,տպավորված ճանապարհ ընկանք դեպի վայոցձորյան գեղատեսիլ վայրերից մեկը՝ Նորավանքը:

Սովորողներից շատերը առաջին անգամ էին Նորավանքում:

Նորավանք տանող ճանապարհը անցնում է Գնիշիկ գետի 8 կմ երկարությամբ գեղատեսիլ կիրճով` շրջապատված բարձրաբերձ ժայռերով։ Երկրաբանական կազմավորումներն առաջացել են տարածքում առկա մեծաքանակ հրաբխային հանքաշերտերից։ Այս ուշ շրջանի հրաբուխներից է Դալիկը (հանգած), որն, ասում են,ժայթքել է երկրաշարժի ժամանակ և լավայով ծածկել հնագույն Մոզ քաղաքը։ Այս աղետից փրկվածների տառապալից ձայները (վա~յ, վա~յ) մարզի` Վայոց Ձորի, անվանառաջացման ստուգաբանություններից մեկն է («Ողբացող կիրճ»)։

 

20190210_130139Նորավանքը Հայաստանի միջնադարյան հոյակերտ հուշարձաններից մեկն է, որն առանձնանում է նաև իր բնական գեղատեսիլ միջավայրով։ Վկայություններ կան, որ այստեղ սրբատեղի է եղել հնագույն ժամանակներից։ Վանքը հիմնադրվել է ավելի վաղ գոյություն ունեցած երկու եկեղեցիների տարածքում` 12-րդ դ.և կառուցապատվել հիմնականում 13-14-րդ դդ.։ Նորավանքի պատմության հետ կապված են ժամանակաշրջանի հայտնի եկեղեցական և քաղաքական գործիչների անուններ։ Նորավանքում են ապրել, ստեղծագործել և այստեղ են թաղված միջնադարյան Հայաստանի նշանավոր գործիչներ ու ստեղծագործողներ։

1238 թ. վանքը թալանվել է մոնղոլների կողմից, սակայն Աղա Խանի և Օրբելյան Էլիկում իշխանի միջև կնքված հաշտությամբ խաղաղություն է հաստատվում, որը հնարավորություն է ընձեռում վերակառուցել վանքը և ծաղկուն գործունեություն ծավալել մինչև Լենկ Թեմուրի արշավանքները` 14-րդ դարի վերջում։

Նորավանքը ժամանակի մշակութային խոշոր կենտրոն էր` սերտորեն կապված հոգևոր ու կրթական այնպիսի կենտրոնների հետ, ինչպիսիք էին Գլաձորի համալսարանը, Տաթևի վանքը և այլն։ Նորավանքում որոշ ժամանակ գործել է ժամանակի նշանավոր եկեղեցական, աստվածաբան և պատմիչ, քաղաքական ու մշակութային գործիչ Ստեփանոս Օրբելյանը` հեղինակը «Պատմութիւն նահանգին Սիսական» աշխատության (1299 թ.):

Վանքի պատմությունն անբաժանելի է միջնադարյան Հայաստանի նշանավոր ճարտարապետ և քանդակագործ Մոմիկի գործունեությունից (1250?–1339 թթ.)։

Մոմիկը որպես մանրանկարիչ ծաղկող սկսել է ստեղծագործել Կիլիկիայում, ուր ծանոթացել է խաչակիրների տարածած ուշ գոթական արվեստին։ Հավանաբար Կիլիկիա այցելության ժամանակ (1286 թ.) Ստեփանոս եպիսկոպոս Օրբելյանն է Մոմիկին հրավիրել Վայոց Ձոր, ուր նա շուտով ճանաչվում է հատկապես որպես քանդակագործ-խաչքարագործ։ Մինչև 20-րդ դար Նորավանքի համալիրը տուժել է ժամանակի աղետներից, հարձակումներից, երկրաշարժերից։ 1948-1949 թթ. վերականգնվել են Սուրբ Աստվածածին երկհարկ դամբարան-եկեղեցու ծածկերը և պատերի վերնամասերը։ 1980-ական թվականների սկզբին նախաձեռնված ամբողջական վերականգնողական աշխատանքները ավարտվել են 2001 թ.։/Աղբյուրը՝տես/

Մեզ համար անսպասելի հանդիպեցինք տեր հորը: Նորավանքում տեր հայրը մեզ օրհնեց, միասին Հայր մեր ասացինք, մեր իմացած շարականներից երգեցինք և հպարտացանք, երբ տեր հայրն ասաց, որ ճանաչում է տիար Բլեյանին, գովեստի խոսքեր ուղղեց մեր տիարին, որպես հայ մշակույթը պահպանող մեծ անձնավորություն:

Փոքր-ինչ հոգնած, մեծ տպավորություններով լեցուն,նորից վերադառնալու ակնկալիքով վերադարձանք մեր հարազատ Երևանը, ուր սպասում էին մեզ հարազատ մարդիկ:

Շնորհակալ ենք տիար Բլեյանին՝ հեքիաթային ձմեռային օրեր պարգևելու համար:

Շնորհակալ ենք հերմոնցի Տարոնին՝ հոգատարության համար:

Շնորհակալ ենք մեր վարորդին՝ համբերատարության, իր գործը լավ կատարելու համար:

 

 

Թողնել մեկնաբանություն