Posted in Նախագծեր, Ուսումնական ճամփորդություն

Եռօրյա վրանային ճամբար Արատեսի դպրական կենտրոնում /Ամփոփում/

DSCF3222
Լուսանկարը՝ Համբարձում Մանջոյանի

Եռօրյա վրանային ճամբար Արատեսի դպրական կենտրոնում /նախագիծ/

Արատես դպրության կենտրոն , Արի ու տես, հմայվիր ու կախարդվիր, բացահայտիր Արատեսյան հրաշալիքները

 

Այս տարվա առաջին հայրենագիտական ճամփորդությունս սկսվեց ութերորդ դասարանցիների հետ: Իմ առաջին ճամփորդությունը դեպի Վայոց Ձոր էր`  Արատես դպրության կենտրոնով: Ճանապարհ գնալիս ոչ միայն վայրն ես բացահայտում, այլ նաև նրանց, ում հետ ճամփա ես ընկնում: Օրը պայծառ աշնանային էր, մթնոլորտը ջերմ սեբաստիական` մաքուր էներգիայով լեցուն: 

Մեզ ուղեկցում էր Վայոց Ձորում կոփված Սմբատ Պետրոսյանը: Առաջին վայրը, որ հաղթահարեցինք` Սմբատաբերդն էր: Վեհ ու խրոխտ բերդի ավերակները  գտնվում էին ծովի մակարդակից 2000մ բարձության վրա`Վարդենիս լեռնաշղթայի հարավ-արևմտյան լեռնաբազուկներից մեկի գագաթային մասում:  Բարձրաբերձ այդ լեռնաբազուկը հարավ-արևելքում եզերված է Եղեգիս գետի կիրճով, հյուսիս-արևմուտքում` Արտաբույնք գետի ձորով, իսկ հյուսիս-արևելքում այն աստիճանաբար ձուլվում է տեղանքին: Ամրոցի բարձր դիրքը հնարավորություն է տալիս դիտարկել շրջակա ձորերն ու լեռները:   

Սմբատաբերդ /տեսաֆիլմ/

https://www.youtube.com/watch?v=r4LVLprc3-k&feature=youtu.be

Այսպիսին էր Սմբատաբերդը:Բարձր, անառիկ դիրքերից հմայվում ու գիտակցում էի իմ այնքան անուժ լինելը բնության, բայց և երակներում զգում էի խրոխտ բնության ուժը անդորրը խանգարող ցանկացողների հանդեպ: 

Երեկոյան հասանք իր խաղաղությամբ ու լայն գիրկը բացած ու միշտ անհամբեր Արատես դպրության կենտրոնը:Երեկոյան խարույկի փայտի ճրթճրթյունը, կիթառի հոգու թելերին թրթիռ հաղորդող ելևէջները, մեզ հավաքել էր միմյանց հետ, ուր  երգում էինք մեր իմացած ու չիմացած երգերը, զրուցում, կատակում: 

Հաջորդ օրը մեզ միացավ հայրենագետ տիար Բլեյանը/տեսաֆիլմ/,

 https://www.youtube.com/watch?v=hiiOSXgigwY 

  ում հետ տեղեկացանք Արատես դպրության կենտրոնի ներկայի ու ապագայի մասին, բացահայտեցինք  Արատեսի գողտրիկ հրաշալիքները ու հաշիվը խառնում, թե որերորդ հրաշալիքի ականատեսն ենք դառնում: 

Մեզ համար բացահայտեցինք , որ չնայած օրը գերհագեցած էր, բայց և ծառ տնկեցինք, և թթու դրեցինք հարսանքավորների համար, և մեր շուրջը  մաքրեցինք:  

Վերադառնալու օրը տիարի  հետ միասին եղանք Հորբատեղ,

 https://youtu.be/xVEm5K_iv78   / Տեսաֆիլմ/

գյուղ, որը գտնվում է Վարդենիսի լեռների հարավային փեշերին, Արտաբուն գետի ափին, որտեղ մեզ սպասում էր տեղի գյուղապետը:  Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1850 մ բարձրության վրա։ Գյուղից վերև բարձրաբերձ գագաթներով սարեր են, որոնց լանջերից բխող աղբյուրները խմելու և ոռոգման ջուր են մատակարարում գյուղին: Հորբատեղ գյուղը մեզ զարմացրեց իր մեծ ապառաժներով, կարծես Տորք Անգեղն էր այդտեղով անցել, տխրեցինք ամխիթար  վիճակում գտնվող եկեղեցին տեսնելով, ունկնդիր եղանք գյուղապետի անհանգիստ ցանկությանը` եկեղեցին վերականգնելու համար: Իհարկե, շնորհակալ ենք գյուղապետից ևնրա կնոջից հյուրասիրության համար. համեղ ընկույզներով լեցուն անարատ մեղր, անարատ մածուն, պանիր, նոր թխած խրթխրթան լավաշ, հյութալի խնձորների տեսականի: Ամեն ինչ շատ համեղ էր: Էլ ավելի ոգևորվեցինք, երբ գյուղապետի հետ հայտնվեցինք Հորբատեղի ամենահրաշալիքներից  բնական շատրվանող աղբյուրի մոտ: Պարզվեց` այդ աղբյուրը 77 տեսակի հիվանդություն է բուժում, մի ավանդություն էլ կար այդ վայրի հետ կապված, ժողովուրդը պատմում է/ տիար Բլեյանի անունից, տեղում հորինված/, թե այդ աղբյուրը հսկել է մի դև, այն մարդիկ, ովքեր անհավատ էին, ջրին դիպչելով քարանում էին, իսկ հավատք ունեցողները բուժվում էին մաշկային հիվանդություններից, երիտասարդ հարսները չբերությունից, տղամարդիկ ծուլությունից, ծերերը լցվում էին կյանքով, մեծամիտները իրենց անձը վեր դասելուց, սիրահարվածները չհիասթափվելու և այսպես շարունակ, անկախ քեզանից այդ աղբյուրը կողքը հայտնվելով` լցվում ես խինդ ու ծիծաղով ու անգամ աշնանային զով եղանակին սպասում ես, երբ է շատրվանը դուրս ժայթքելու , որ հմայվես ու մաքրվես քո ունեցած <<հիվանդություններից>>: 

Շատ ոգևորված վերադարձանք` խոստանալով համագործակցել, գյուղի դպրոցի սովորողների հետ միասին բացահայտելու այդ գողտրիկ , բայց հրաշալիքներով լեցուն գյուղը: 

Իհարկե, այդ օրը Երևան շատ ուշ հասանք, քանի որ  մեքենան խնդիրներ ունեցավ, : 

Բոլորս գոհ էինք, շնորհակալ մեր հայրենագետ տիարից`ամեն թուփ ու քարի մասին մեզ պատմելու, առկա խնդիրների մասին մեզ տեղեկացնելու համար, շնորհակալ եմ մեր սովորողներին, որոնց հետ սիրով  ճանապարհ եմ ընկնում, շնորհակալ եմ իմ հին ու նոր ընկերներին: 

Հ.գ. Օրեր են անցել, գրում եմ , վերհիշում, մեր այդ երեք օրը ու ներսս խինդով ու բավարարվածությամբ է լցվում, ու այնքան զգացողություններ կան, որ դեռ չեմ պատմել:  

 

 

Թողնել մեկնաբանություն