Posted in Առաջադրանք 7-րդ դասարան, 2021-22թթ

Մարտի 28-ապրիլի 7-ը, առաջադրանք, 7-րդ դասարան

Առաջադրանք 1

ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՑ ԱՐՔԱՅԱՏՈՀՄԻ
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԸ

Բագրատունիներ/տեսանյութ/

Այս թեմայում՝
 Միջազգային դրությունը անկախության վերականգնման նախօրյակին:
 Բյուզանդիայի՝ ազգությամբ հայ կայսեր նամակը
Աշոտ I-ին:
 Աշոտ I-ի միավորիչ և խաղաղարար գործունեությունը:
 Խալիֆը թագ է ուղարկում Աշոտ I-ին:
 Պատմաբանի բառարան՝ բարիդրացիական,
սպարապետ, դավադրություն, վերնախավ,
աթոռանիստ:
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ: ԱՇՈՏ I
Հայաստանի ներքին իրավիճակը և արտաքին հարաբերությունները անկախ թագավորության վերականգնման նախօրյակին
855 թ. Հայաստանից Բուղայի հեռանալուց հետո հայ
իշխանները փաստացի տնօրինում էին երկրի ներքին
կյանքը։ Հետզհետե հասունանում էր արաբական տիրապետությունից լիովին ազատվելու և անկախ թագավորությունը վերականգնելու գաղափարը։ Արաբական խալիֆայությունում գահակալական կռիվներ էին, բազմաթիվ
երկրամասեր ձգտում էին անկախանալ, ինչն անխուսափելիորեն բերում էր կայսրության թուլացմանը։ Հայաստանի ինքնավար դրության նկատմամբ բարեհաճ էր նաև Բյուզանդիայի վերաբերմունքը։ Բյուզանդիան, որ արդեն
ավելի քան երկու դար ծանր պայքարի մեջ էր արաբական
խալիֆայության հետ, շահագրգռված էր Հայաստանի
անկախացմամբ և այդպիսով՝ տարածաշրջանում արաբների դիրքերի թուլացմամբ։ Միաժամանակ՝ IX դարի երկրորդ կեսին բյուզանդական կայսրությունում իշխանության եկած՝ ծագումով հայ Վասիլ կայսրը բարիդրացիական հարաբերություններ հաստատեց Աշոտ  Բագրատունի իշխանի հետ։ Բարենպաստ հանգամանք էր նաև այն, որ հայ Բագրատունիների մի ճյուղը հաստատվել էր Վիրքում և այնտեղ հասել ռազմաքաղաքական գերիշխանության. IX դարի վերջում նրանք Վիրքում հիմնադրեցին համանուն արքայատոհմ, որը Վրաստանը կառավարեց երկար դարեր։
Այսպիսով, արտաքին իրադրությունը նպաստավոր էր հայոց անկախ թագավորության վերականգնման գործընթաց սկսելու առումով, սակայն դրա
համար հարկավոր էր նաև համախմբել հայ իշխաններին, վերացնել նրանց միջև առկա ներքին տարաձայնություններն ու վեճերը, ինչպես նաև հաղթահարել արաբների վերջին փորձերը՝ Հայաստանը պահել իրենց
պետության կազմում։

Աշոտ Խաղաղարար
Աշոտ Բագրատունին 855 թ. արաբական իշխանության կողմից ճանաչվեց հայոց իշխան և սպարապետ, իսկ 862 թ.՝ հայոց իշխանաց իշխան։ Արաբական իշխանությունները նրան հանձնեցին Հայաստանում հարկահանության իրավունքը։ Հարկերը պակասեցին երեք անգամ, ինչը շատ կարևոր էր ժողովրդի ընդհանուր վիճակի բարելավման համար։ Աշոտ Բագրատունին
սպարապետության պաշտոնը հանձնեց եղբորը՝ Աբասին, իսկ բանակի ընդհանուր թիվը հասավ 40000-ի։
Աշոտ իշխանաց իշխանը սկսեց հայ իշխաններին հաշտեցնելու և համախմբելու գործունեություն ծավալել։ Նա Զաքարիա կաթողիկոսի հետ մեկնեց Վասպուրական և հարթեց Արծրունի իշխանների միջև առկա
վեճերը։ Ամուսնական կապերի միջոցով ամրապնդեց
իր և Բագրատունի տոհմի բարեկամությունը նույն Արծրունի և Սյունի իշխանական տների հետ։ Աշոտ Բագրատունին միջամտեց նաև վրաց իշխանների վեճերին և նրանց նույնպես հաշտեցրեց։
Տեքստային աշխատանք
Ծանոթացեք մեջբերված հատվածին՝ զուգահեռ
աշխատելով բերված պնդումների և հարցերի հետ։

Մեջբերված տեքստում ներկայացված է Աշոտ
իշխանաց իշխանի (ապագա հայոց թագավոր Աշոտ
Ա-ի) անձնային որակների և կենցաղի նկարագրությունը պատմիչ, կաթողիկոս Հովհաննես Դրասխանակերտցու կողմից։
Իսկ երբ իր հոր՝ Սմբատի փոխարեն Աշոտն է տիրում
հայոց սպարապետությանը, իրենից առաջ եղողներից
գրեթե ամենաբարձրը ինքն է ճանաչվում, քանի որ ընդունելով մեծարանքներ՝ արհամարհում էր անարգանքը և
միշտ իրեն վարժեցնում էր բարի կրթության ու ուսման մեջ։
Նա իր հոգու վրա ազդում էր բարվոք կերպով՝ բոլորի հետ
հաստատելով սերտ սեր։ Թշնամիների դեմ հակառակություն կամ կռիվ չէր մղում, այլ բարի խոսքերի օգնությամբ
նրանց բերում էր ճիշտ ուղղության ու իր կողմը։ Իր սնոտի
շահը իրեն վնաս էր համարում և առատաձեռն գտնվելով
բոլորի նկատմամբ՝ սիրալիր սրտով շատերի միտքն իր
կողմն էր գրավում։ Եվ այդ ամենի համար բոլորը հավանում և սիրում էին նրան։
Հովհաննես Դրասխանակերտցի, Հայոց պատմություն
1. Թերևս հենց այսպիսի հատկանիշներ պետք է
ունենա յուրաքանչյուր առաջնորդ, որը ցանկանում է համախմբել տարբեր ուժեր կամ մի ամբողջ
ժողովրդի։
2. Փորձե՛ք ընտրել մեջբերված տեքստից տարբեր
մտքեր և մեկնաբանել ուսուցչի օգնությամբ։
Այսպիսի իրավիճակում, երբ հայ հասարակության
բոլոր խավերը միաբան էին Աշոտ իշխանին հայոց
թագավոր հռչակելու մտքի շուրջ, Զաքարիա Ձագեցի
կաթողիկոսը 869 թ հրավիրում է հայ իշխանների
հատուկ ժողով։ Այստեղ միահամուռ կերպով որոշվում
է Աշոտ Բագրատունուն հռչակել հայոց թագավոր։ Այս
որոշումից հետո հայ հոգևոր և քաղաքական վերնախավը դիմում է խալիֆին, որպեսզի վերջինս ճանաչի
Աշոտի թագավորական իշխանությունը։

Առաջադրանք 2

ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՃԱՆԱՉՈՒՄԸ
Հայոց թագավորի իշխանությունը ճանաչում է և՛ կայսրը, և՛ խալիֆը
Խալիֆը չշտապեց որոշում կայացնել և ձգձգում էր Աշոտի թագավորական իշխանության ճանաչումը։ Մինչդեռ Բյուզանդիայի Վասիլ I կայսրը շտապեց
դաշինք կնքել Հայաստանի հետ: 876 թ. նա պատվիրակություն է ուղարկում Աշոտ Բագրատունու մոտ: Կայսրը տեղեկացնում էր, որ ինքը ծագում է հայ Արշակունիների տոհմից, և քանի որ Բագրատունիները թագակապ պարտականություն և իրավունք են ունեցել, նրանից թագ է խնդրում: Աշոտը թագ է ուղարկում Վասիլին՝ այդպիսով հաստատելով նաև հայ-բյուզանդական
բարեկամությունը: Այսպիսի իրավիճակում, երբ արաբական իշխանությունը Հայաստանում ձևական բնույթ էր կրում, և հայոց
անկախ թագավորության վերականգնումը ժամանակի
հարց էր, խալիֆայությունը, այնուամենայնիվ, փորձեց
ոչնչացնել առավել զորեղ հայ իշխաններին և նրանց
ձեռք բերած ռազմաքաղաքական հզորությունը։
Հայաստան ուղարկված նոր ոստիկան Ահմադը
որոշեց դավադրություն կազմակերպել հայ իշխանների
դեմ։ Նա, գալով Հայաստան, տեղի արաբ ամիրաների օգնությամբ փորձեց բարեկամանալու պատրվակով Դվին հրավիրել հայ իշխաններին և ձերբակալել նրանց: Աշոտ Բագրատունին ուշադիր հետևում էր արաբների գործողություններին, մասնավորապես, նա մարդիկ էր նշանակել, որպեսզի հետևեն Ահմադի սուրհանդակների գործողություններին: Հենց նրանք էլ
ձերբակալելով սուրհանդակներին՝ Աշոտին են բերում
արաբ ամիրաներին ուղղված՝ դավադրության կազմակերպման վերաբերյալ նամակը: Աշոտը, իմանալով դավադրության մասին, չի բարձրաձայնում, այլ որոշում է ինքը թակարդը գցել Ահմադին: Նամակից իմանալով, որ դավադրությունը պետք է իրականացվեր Դվինում՝ նա գնում է այնտեղ։ Միաժամանակ, ամեն ինչի մասին տեղյակ պահելով եղբորը՝ Աբաս սպարապետին, Աշոտը հրահանգում է նրան զորքով մոտենալ
քաղաքին։ Երբ արաբ ամիրաներն ու ոստիկան Ահմադը
իշխանական վրանում սպասում էին Աշոտին, որպեսզի
ձերբակալեն, նրա փոխարեն վրան է մտնում Աբասը
և, ցույց տալով դավադրության մասին նամակը, ձերբակալում ամիրաներին ու ոստիկանին։ Վերջիններս չեն դիմադրում, քանի որ Աբասի զորքը շրջապատել էր
վրանը։ Այս ամենից հետո հայ իշխանները Ահմադին
ձիու փոխարեն նստեցնում են ջորու վրա և իր զորաջոկատի հետ վտարում Հայաստանից։ Այսպիսի ճակատագիր ունեցավ վերջին ոստիկանի իշխանությունը Հայաստանում։
Խալիֆայությունը ստիպված էր համակերպվել
Հայաստանում իր իշխանության կորստի հետ: Խալիֆը
885 թ. թագ է ուղարկում և Աշոտ Բագրատունուն ճանաչում հայոց թագավոր: Աշոտ Բագրատունուն թագ և արքայական հանդերձանք է շտապում ուղարկել նաև կայսր Վասիլ I-ը: Արաբական խալիֆայությունից և
Բյուզանդիայի կայսրից թագ ստանալը նշանակում էր
Հայաստանի անկախության միջազգային ճանաչում:
Աշոտ I-ը (885-890 թթ.) 885 թ. օգոստոսի 26-ին Շիրակ
գավառի Բագարան աթոռանիստ բերդաքաղաքում
օծվում է հայոց թագավոր։ Օծման արարողությունը
մեծ հանդիսավորությամբ, բազմաթիվ օտարերկրյա
հյուրերի և հայ իշխանների ներկայությամբ, կատարում
է Գևորգ Գառնեցի կաթողիկոսը։ Աշոտ Ա-ի մասին
հայ պատմիչները շատ գովաբանական խոսքերով
են արտահայտվել: Օրինակ, Թովմա Արծրունին նրա
մասին գրել է. «Նա ամենաբարձրն ու հանճարեղն էր
ողջ Հայաստանում»։
Այսպիսով, 428 թ. Հայաստանում Արշակունյաց
արքայատոհմի կառավարման դադարումից և թագավորության կորստից դարեր անց վերականգնվեց
հայոց թագավորությունը։ Աշոտ Ա-ի գահ բարձրանալով հիմնադրվեց նոր՝ Բագրատունյաց արքայատոհմը, և V դարից հայ ժողովրդի սկսած պայքարը սեփական ազատության և ինքնուրույնության համար հաղթական
ավարտ ունեցավ։

Հարցեր և առաջադրանքներ
1. Ինչո՞ւ են դասագրքի հեղինակները Աշոտ Ա-ին անվանել Խաղաղարար։ Ի՞նչ այլ պատվանուններով կարելի
է կոչել Աշոտ Ա-ին նրա գործունեությանը ծանոթանալուց հետո։
2. Ի՞նչ տվյալներ կան թեմայի տեքստում, որոնց հիման
վրա կարելի է պնդել, որ արաբական խալիֆայությունը չէր ցանկանում թույլ տալ Հայաստանում
անկախ թագավորության ստեղծումը։
3. Փորձի՛ր ներկայացնել այն զգացողությունները, որ
կարող էին ունենալ Հայաստանի տարբեր բնակավայրերի մարդիկ՝ իմանալով անկախ թագավորության վերականգնման և Աշոտ Ա-ի՝ թագավոր օծվելու
մասին։ Կարող ես գրել նկարագրությունը, նկարել
կամ ներկայացնել այլ կերպ։
4. Փորձի՛ր ներկայացնել այն պահը, երբ Աբաս սպարապետը մտնում է վրան և Ահմադին ցույց տալիս նրա
իսկ գրած նամակը դավադրության մասին։ Կարող
ես գրել նկարագրությունը, նկարել կամ ներկայացնել
այլ կերպ։
5. Ինչպե՞ս կարող է յուրաքանչյուր մարդ Աշոտ Ա-ի դրական հատկանիշներն իր մեջ նույնպես ձևավորել։
6. Որո՞նք են լավագույն թագավորի և լավագույն թագավորության հատկանիշները քեզ համար։ Ինչպիսի՞ն պետք է լինեն դրանք

Թողնել մեկնաբանություն