Posted in Առաջադրանք 7-րդ դասարան, 2021-22թթ

Առաջադրանք 7-րդ դասարան, սեպտեմբերի 13-19-ը

Առաջադրանք 1

Փոփոխությունների սկիզբը Հայաստանում: Քրիստոնեւթյան ընդունումը որպես պետական կրոն

Երկու առաքյալները Հայաստանում
Առաջին դարում հայոց իշխանները, թագավորները հեթանոսներ էին և թշնամաբար էին տրամադրված քրիստոնեության նկատմամբ, քանի որ այն սպառնում էր իրենց համար սովորական դարձած կենցաղին և կարգերին։ Չնայած այդ հանգամանքին՝ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները, ըստ հետագա շրջանի հայ պատմագիրների, առաջին դարում սկսում են քրիստոնեություն տարածել Հայաստանում։ Առաքյալների շնորհիվ
քրիստոնեությունը սկսում է տարածվել Հայաստանի տարբեր հատվածներում։ Նրանք բազում մարդկանց են մկրտում՝ թե՛ ռամիկների, շինականների, արհեստավորների ու առևտրականների, թե՛ իշխանական ընտանիքների ներկայացուցիչների։ Վերջիններիս շնորհիվ քրիստոնեությունն ավելի է տարածվում Հայաստանում:
Չնայած դրան, երկրի կենտրոնական իշխանությունը դեռ հեթանոսական հավատալիքների կրող էր։Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները, փաստորեն, առաջին դարում հիմնադրում են հայոց եկեղեցին, ինչի շնորհիվ էլ այն կոչվում է առաքելական։
Թադեոսն ու Բարդուղիմեոսը նահատակվել են Հայաստանում, նրանց նահատակության վայրերում կառուցվել
են եկեղեցիներ։ 

Ըստ ավանդության, երբ Թադեոս առաքյալը գալիս է հայոց Եդեսիա քաղաքը, նրան ուղեկցում են Աբգար V-ի մոտ։ Տեսնելով Թադեոսին՝ Աբգարն ուրախանում է, քանի
որ հասկանում է, որ նա Քրիստոսի խոստացած բժիշկն է, որ եկել է իրեն բժշկելու։ Թադեոսի քարոզի ժամանակ Աբգարը հավատքով է լցվում և հրաշքով բժշկվում
իր հիվանդությունից։ Աբգար թագավորը շատ թանկարժեք նվերներ է ընծայում Թադեոսին, սակայն նա մերժում է և փոխարենը խնդրում Աբգարին թույլ տալ իրեն
քրիստոնեություն քարոզել Եդեսիայում։ Քրիստոնեությունը հաստատվում է Եդեսիայում. իշխաններ ու իշխանուհիներ, հասարակ մարդիկ խմբերով քրիստոնյա են դառնում,
եկեղեցիներ են կառուցվում, և ավետարանը զորանում է Եդեսիայի մեջ։
Մաղաքիա Օրմանյան, Ազգապատու

Առաջադրանք1

1.Հիմնավորիր, որ Թադեոս առաքյալի նպատակը միայն Աբգար թագավորին բուժելը չէ, ինչ այլ նպատակ էր հետապնդում Թադեոս առաքյալը:

Թադեոս առաքյալ2.Մեկնաբանիր Թադեոս առաքյալի նկարը, ինչ է պատկերված նրա ձախ ձեռքում:

Հավատքի նվիրյալ միանձնուհիների փախուստը Հռոմի հեթանոս կայսրից


I-III դարերի ընթացքում Մեծ Հայքի թագավորությունը հեթանոսական էր և չէր նպաստում ժողովրդի քրիստոնյա դառնալու գործին: Իրավիճակը փոխվում է, Տրդատ III-ի օրոք (287-330 թթ)։ Նրա գահակալությունն ամրապնդվում է 298 թ. կնքված Մծբինի 40-ամյա
հաշտության պայմանագրով, որով ավարտվում է նաև հռոմեա-պարսկական հերթական պատերազմը: Իր իշխանության սկզբում Տրդատ III-ը նույնպես թշնամաբար էր տրամադրված քրիստոնեության և քրիստոնյաների հանդեպ, սակայն, կարճ ժամանակ անց, ամեն ինչ փոխվում է։ 300 թ. Հռոմից Հայաստան են գալիս քրիստոնյա միանձնուհիներ:Ճանապարհին միանձնուհիներից շատերը հեռանում են այլ երկրներ, տարբեր ժողովուրդների շրջանում տարածում քրիստոնեական վարդապետությունը,
նրանցից շատերը նահատակվում են հեթանոսների ձեռքով կամ ճանապարհի փորձությունների զոհը դառնում։ Դիոկղետիանոսի հետապնդումներից փրկված մենակյաց կույսերի մի խումբ՝ ավելի քան երեք տասնյակ կուսակրոն աղջիկներ, որոնց թվում էին
նաև Գայանեն և Հռիփսիմեն, հասնում է Հայաստան՝ բնակություն հաստատելով Վաղարշապատ քաղաքի մոտակայքում։ Շուտով Դիոկղետիանոս կայսրն իմանում է, որ հեռացած աղջիկները, որոնց թվում էր նաև Հռիփսիմեն, անցել են Հայաստան, և նամակ է գրում հայոց Տրդատ արքային։ Դիոկղետիանոսն իր նամակում տեղեկացնում է մենակյաց կույսերի՝ Հայաստանում գտնվելու և Հռիփսիմեի մասին, ինչպես նաև ասում, որ աղջիկներին հայտնաբերելու դեպքում Տրդատը կարող է նրանց ետ ուղարկել Հռոմ կամ
վարվել այնպես, ինչպես կցանկանա։ Իմանալով այս մասին՝ Տրդատը շուտով հայտնաբերում է միանձնուհիներին, որոնց նաև անվանում են՝ Հռիփսիմյան հավաքական անունով, և հրամայում է Հռիփսիմեին ամենայն պատվով ու ընծաներով բերել իր մոտ։ Տրդատը պահանջում է Հռիփսիմեից դառնալ իր կինը, սակայն մերժում է ստանում։ Այդժամ նա հրամայում է բերել նաև Գայանեին, որպեսզի նա համոզի Հռիփսիմեին
հնազանդվել իրեն։ Սակայն Գայանեն, ընդհակառակը, հորդորում և քաջալերում է իր սանին՝ Հռիփսիմեին, անխախտ պահել Աստծու առաջ արված ուխտը։ Այս ամենը տեղի է ունենում Տրդատ արքայի և պալատականների ներկայությամբ։ Նրանք, ովքեր
հասկանում էին հռոմեացիների լեզուն, բացատրում են Տրդատին, որ Գայանեն արքայի ասածին հակառակ խորհուրդներ է տալիս Հռիփսիմեին։ Տրդատը բարկանալով՝ ցանկանում է բռնությամբ հնազանդեցնել Հռիփսիմեին, սակայն չի հաջողում, դեռ ավելին՝ Հռիփսիմեն կարողանում է հեռանալ պալատից։ Այդ գիշեր Տրդատի ուղարկած դահիճները տանջամահ են անում Հռիփսիմեին և նրա ընկերուհիներին, հաջորդ օրը նույն ճակատագրին են արժանանումնաև Գայանեն ու ևս երկու միանձնուհի։ Հռիփսիմյան
կույսերի նահատակությունը քրիստոնեական քաղաքակրթության նշանավոր էջերից է։ Նրանց մասին հիշատակության օրեր ունեն մի շարք քրիստոնեական եկեղեցիներ։

Մենակյաց աղջիկներից
Նունեն անցնում է վրաց
աշխարհ։ Հետագայում
բժշկելով վրաց Միհրան
արքայի զավակին՝ նա
մկրտում է արքայական
ընտանիքին, ինչի
շնորհիվ սկիզբ է դրվում
վրաց պետության
քրիստոնեացմանը։
Վաց լուսավորիչ Սբ. Նունե


 

 

 

 

 

 

 

Հռոմի Դիոկղետիանոս կայսրը, չնայած ամուսնացած էր, ցանկացավ երկրորդ կին ունենալ։ Նա հրաման տվեց, որ կայսրության տարբեր հատվածներ ուղարկված իր ծառաները փնտրեն գեղեցկատես աղջիկների և պատկերելով նրանց դիմանկարները՝ դրանք բերեն իր մոտ, որպեսզի ինքը ընտրություն կատարի։ Նրա ուղարկած ծառաներն անմիջապես գործի անցան. տեսնելով գեղեցկատես աղջիկների՝ անմիջապես պատկերում էին նրանց դիմանկարը հատուկ տախտակների վրա, որպեսզի ցույց տան կայսրին։ Շուտով նրանք մի լեռնոտ վայրում հայտնաբերում են մենաստան, որտեղ ապրում էին իրենց կյանքը աղոթքով անցկացնել ուխտած միանձնուհիներ։ Նրանց գլխավորի անունը Գայանե էր, իսկ միանձնուհիների թվում էր Հռիփսիմե անունուվ շատ գեղեցիկ մի աղջիկ։ Նրան տեսնելով՝ Դիոկղետիանոսի ծառաներն անմիջապես պատկերում են Հռիփսիմեին
և պատկերը ցույց տալիս կայսրին։ Տեսնելով Հռիփսիմեի պատկերը՝ կայսրը շատ է ուրախանում և հրամայում է հարսանեկան պատրաստություն տեսնել, իսկ մենաստան այցելած ծառաներին հրամայում է գնալ և Հռիփսիմեին ուղեկցել պալատ։ Իմանալով կայսեր մտադրության մասին՝ միանձնուհիները Գայանեի գլխավորությամբ որոշում են հեռանալ մենաստանից, որպեսզի չընկնեն կայսեր ծառաների ձեռքը։
Մ. Չամչյան, Հայոց պատմություն

Առաջադրանք -Շարունակել միտքը

Տեքստից կարելի է ենթադրել, որ Դիոկղետիանոս կայսրը քրիստոնյա չէր, քանզի  …………………………։
 Տեքստից կարելի է հասկանալ, որ միանձնուհիները ուխտ էին արել իրենց կյանքը նվիրել ……………………………………………………………………։ Տեքստից իմանում ենք նաև, որ միանձնուհիները հավատարիմ են մնում իրենց ուխտին և չեն ցանկանում ենթարկվել
———————————————։ Այդ իսկ պատճառով նրանք հեռանում
են Հռոմից։

Տրդատ III-ի կարևոր որոշումը։ Գրիգոր Լուսավորչի գործունեությունը

Հռիփսիմյան կույսերի դաժան մահապատժից հետո Հայաստանում սկսվում է մեծ փոփոխությունների շրջան։ Տրդատ արքան և պալատական մի շարք ծառայողներ ու իշխաններ հիվանդանում են: Հատկապես ծանր էր Տրդատի վիճակը. ըստ ավանդության՝
նրա դեմքը վայրի խոզի դիմագծեր էր ստացել, և նա մոլեգնած գազանի պես թափառում էր Վաղարշապատ քաղաքի շրջակա տարածքներում: Ըստ մեկ այլ ավանդության՝ այդ օրերին Խոսրովիդուխտին՝ արքայի քրոջը, այցելում է Աստծո ուղարկած մի հրեշտակ, որը
հայտնում է, որ Տրդատին և մյուսներին կարող է բժշկել միայն Արտաշատում գետնափոր խուցը նետված Գրիգորը: Երբ Խոսրովիդուխտը այս մասին պատմում է պալատականներին, շատերը նրան ծաղրում են՝ ասելով, թե ինչպե՞ս կարող է նա մտածել,
որ Գրիգորը, ով բավական երկար ժամանակ նետված է օձերով ու կարիճերով լեցուն խուցը, դեռ ողջ լինի: Սակայն, ըստ ավանդության, շուտով հրեշտակը կրկին հայտնվում է Խոսրովիդուխտին՝ ասելով նույն բանը, այն է՝ անպայման ազատել Գրիգորին: Այս մասին պալատականներին և իշխաններին կրկին պատմելուց հետո որոշվում է մարդիկ ուղարկել
Արտաշատ՝ Գրիգորի ետևից: Գալով Արտաշատ՝ նրանք իրոք գտնում են Գրիգորին կենդանի և առողջ վիճակում իր խցում՝ Խոր Վիրապում: Անմիջապես նրան
հասցնում են Վաղարշապատ՝ պատմելով պատահածի մասին: Երբ Գրիգորը՝ շրջապատված ժողովրդի և իրեն ուղեկցող պալատականների ու զինվորների խմբով, մոտենում է մայրաքաղաք Վաղարշապատին, իշխանները և Տրդատ թագավորը ընդառաջ են գնում նրան: Գրիգորը բժշկում է արքային, իշխաններին ու պալատականներին, որից հետո, տեղեկանալով Հռիփսիմյան կույսերի նահատակության վայրերի մասին,
շրջում և գտնում է նրանց մասունքները, իսկ միանձնուհիների նահատակությունների վայրերում սկսում քրիստոնեական սրբատեղիների կառուցումը, որոնք
հետագայում վերածվում են եկեղեցիների:Գործընթացն իրականացնելու համար Տրդատը
Գրիգորին զորք է տրամադրում, որպեսզի նա հարված հասցնի Հայաստանում հին կրոնի պաշտպան հեթանոսական մեհյաններին: Գրիգորը հաջողությամբ
իրականացնում է այս գործը, որից հետո որոշվում է նրան ուղարկել Կեսարիա քաղաք՝ հայոց եկեղեցու առաջնորդ՝ եպիսկոպոսապետ ձեռնադրվելու համար:
Եպիսոկոպոսապետ ձեռնադրվելուց հետո Գրիգորը շարունակում է քրիստոնեության քարոզչությունը հայոց մեջ, այսինքն՝ շարունակում է դեռևս առաջին դարում Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների սկսած գործը: Վերադառնալով Հայաստան՝ Գրիգորը Եփրատ գետում մկրտում է արքային, նրա ընտանիքը, արքունիքի ներկայացուցիչներին, բազմաթիվ իշխանների, զորականների և ժողովրդին: Հայ առաքելական եկեղեցին այսպիսով դառնում է ամենահին ազգային եկեղեցիներից մեկը։ 325 թ. Նիկեա
քաղաքում տեղի է ունենում Տիեզերական եկեղեցական ժողով, որին մասնակցում է Գրիգոր Լուսավորչի որդին՝ Արիստակես եպիսկոպոսը։ Նա այնտեղից Հայաստան է բերում Նիկեական հավատո հանգանակը՝ բաղկացած 22 կետից։
Գրիգոր Լուսավորիչը և Տրդատ III Մեծը հսկայական ջանքեր գործադրեցին ժողովրդին քրիստոնեական վարդապետության և հավատքի գիտելիքները, կենսակերպի և համակեցության սկզբունքները փոխանցելու ուղղությամբ։ Սակայն նրանց ջանքերը միշտ չէ, որ ցանկալի արդյունք էին տալիս։ Շատերը շարունակում էին հեթանոսական վարքուբարքը։ Նրանց մեջ հատկապես մեծ էր նախարարների թիվը։ Հիասթափված մարդկանց այսպիսի վերաբերմունքից՝ Տրդատ III Մեծը որոշում է թողնել աշխարհիկ կյանքը, երկրի կառավարումը և ապրել քարանձավներում ճգնավորի աղոթական կյանքով։ Ինչպես Մովսես Խորենացին է նշում, որոշեց երկրային պսակը փոխել երկնայինով։ Նրա հեռանալուց որոշ ժամանակ անց հայ նախարարները մարդիկ են ուղարկում՝ նրան համոզելու վերադառնալ, սակայն Տրդատը մերժում է։ Ըստ Խորենացու՝ այս մասին իմանալուց հետո հայ նախարարները կազմակերպում են արքայի դավադիր սպանությունը՝ թունավորելով նրան։ Տրդատ III Մեծի մահվան պատճառների այլ վարկածներ ևս կան:
Այսպիսով, 301 թ. քրիստոնեությունը Հայաստանում հռչակվում է պետական կրոն։ Հայաստանը դառնում է աշխարհում առաջին երկիրը, որտեղ քրիստոնեությունը
պաշտոնապես դառնում է պետական կրոն;

Նկարում Տրդատ III-ը, Աշխեն
թագուհին և …
Փորձի՛ր եզրակացնել, թե ո՞վ
է երրորդը ներկայացված
որմնանկարում։
Որմնանկարի հեղինակ՝ Նաղաշ
Հովնաթանյան

Տալ հետևյալ բառերի բացատրությունը

Պատմական բառարան —առաքյալ, սրբապատկեր, ավանդություն, ձեռնադրություն, ուխտել, միանձնուհի, Տիեզերական ժողով, Նիկեական հավատո հանգանակ։

Հիմնավորել քրիստոնեկան կրոնի ընդունման կարևորությունը:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s