Posted in Առաջադրանք 7-րդ դասարան, 2021-22թթ

Փետրվարի 21-27-ը, առաջադրանք, 7-րդ դասարան

Առաջադրանք 1.ՎԱՀԱՆԱՆՑ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ

Կրկին կրոնափոխության փորձ


V դարի 60-ական թվականներին պարսկական արքունիքը վերսկսեց կրոնափոխության քաղաքականությունը: Հայաստանում և Վրաստանում ավելացվեցին հարկերը, պաշտոններից հեռացվեցին հայ և վրացի իշխանները: Այս անգամ պարսից արքան որոշել էր կրոնափոխության քաղաքականությունը այլ կերպ շարունակել։ Այդ նոր քաղաքականության հիմքում ընկած էր քրիստոնեությունն ուրացած և զրադաշտականություն ընդունած հայ նախարարներին պաշտոնների նշանակելը։ Այդպիսով պարսից իշխանությունը ձգտում էր խրախուսել կրոնափոխությունը Հայաստանում։
Այս փաստը հարուցեց ուխտապահ նախարարների և
հոգևորականության դժգոհությունը, որոնք ցանկանում էին հաղթական ավարտի հասցնել Վարդանանց պայքարը։


Վարդանանց գործի շարունակությունը

Կրոնափոխության, հայ և վրաց ժողովուրդներին բռնությունների ենթարկելու պարսից քաղաքականությունը պատճառ դարձավ հերթական ապստամբության։ Պատմիչ Ղազար Փարպեցին վկայում է, որ հայերը և վրացիները պատրաստվում էին միասնաբար ապստամբել պարսկական իշխանության դեմ:
Ապստամբության համար առիթ դարձավ վրաց Վախթանգ արքայի հրամանով Վազգեն բդեշխի սպանությունը։ Վրաց Վազգեն բդեշխն ամուսնացած էր Վարդան Մամիկոնյանի դստեր՝ Վարդենի-Շուշանիկի հետ։ Շուտով Վազգենը գնաց Պարսկաստանի մայրաքաղաք Տիզբոն, որտեղ հրաժարվեց քրիստոնեությունից։ Վերադառնալով հայրենիք՝ նա պահանջեց իր կնոջից՝
Շուշանիկից, որպեսզի նա նույնպես ուրանա քրիստոնեությունը և ընդունի զրադաշտականություն։ Սակայն, Վարդանանց ուխտի առաջնորդի դուստրը չկատարեց Վազգենի պահանջը։ Վազգենը փորձեց բռնությամբ ստիպել Շուշանիկին՝ կատարել իր պահանջը։ Չնայած սպառնալիքներին ու տանջանքներին՝ Շուշանիկը մշտապես հակառակվեց Վազգենի պահանջներին և նահատակվեց։ Ահա այս ոճրագործության և հավատուրացության համար Վազգենը սպանվեց Վախթանգի հրամանով։ Միաժամանակ, վրաց թագավոր Վախթանգը սկսել էր երկրից վտարել պարսկական կայազորները: Պարսից արքունիքը, այս լուրերը լսելով, Հայաստանում և Աղվանքում գտնվող իր զորքերին հրամայեց շարժվել Վիրք: Հայաստանի պարսկական զորամասերը կազմված էին հիմնականում հայ զինվորներից, որոնք որոշում են չենթարկվել պարսիկներին: Այսպիսի իրավիճակում 481 թ. հայ ուխտապահ նախարարները վճռում են ապստամբել ընդդեմ կրոնափոխության քաղաքականության և կռվել
հանուն ազատության։ Նրանք հետապնդում և երկրից վտարում են պարսից մարզպանին։ Ապստամբության ղեկավարությունը ստանձնում է սպարապետ
Վահան Մամիկոնյանը, իսկ մարզպան է նշանակվում Սահակ Բագրատունին։ Ապստամբության կենտրոն է դառնում Դվին քաղաքը: Դվին է տեղափոխվում նաև կաթողիկոսը։
Այսպիսով՝ հայ ժողովուրդը կրկին համախմբվում և դուրս է գալիս պարսից կառավարության դեմ՝ Ավարայրի հաղթանակը վերահաստատելու վճռականությամբ:


Ակոռիի ճակատամարտը
Նախկին մարզպան Ատրվշնասպը Ատրպատականից զորքով շարժվեց Հայաստան՝ դեպի Արաքս գետը: Հայ նախարարները կազմավորեցին փոքրաթիվ բանակ, որի հրամանատարներ նշանակվեցին Մամիկոնյան, Կամսարական և Գնունի նախարարական տների ներկայացուցիչները: Զորքի փոքրաթիվ
լինելու պատճառով հայկական ուժերի հրամանատարությունը խուսափում է Արարատյան դաշտում ճակատամարտ տալուց, և խնդիր է դրվում անցնել լեռնային պաշտպանության։ Այդ ռազմավարության նպատակն
էր՝ մարտերի անհաջող ընթացքի դեպքում անմատչելի լեռներում պատսպարվելու և այդկերպ պայքարը շարունակելու հնարավորություն ունենալ։ Հայկական զորքերին հաջողվեց մանր կռիվներով հակառակորդին
քաշել Մասիսի լանջեր և այստեղ՝ Ակոռի գյուղի մոտ, պատրաստվել վճռական ճակատամարտի: 481 թ. այս գյուղի մոտ տեղի ունեցած ճակատամարտում պարսկական 7000-անոց զորքը պարտություն է կրում, սպանվում է նախկին մարզպանը։ Այս նույն ժամանակ հարևան Վրաստանում ևս ռազմական գործողությունները հաջող էին ընթանում: Վրաց զորքերը Վախթանգի գլխավորությամբ ազատագրում են երկիրը:

Ներսեհապատի ճակատամարտը
Ակոռիի ճակատամարտից հետո պարսկական մի
մեծ բանակ շարժվում է դեպի Հայաստան: 482 թ.գարնանը, սպարապետ Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ, հայկական բանակը շարժվում է դեպի Արտազ
գավառ՝ պարսկական զորքի առաջխաղացումը կանգնեցնելու համար։ Պարսկական բանակը նույնպես ձգտում էր վճռական խոշոր ճակատամարտի՝ հույս ունենալով կործանիչ հարված հասցնել ապստամբներին։ Երկու բանակներն իրար են հանդիպում 482 թ. մայիսին Արտազ գավառի Ներսեհապատ գյուղի մոտ՝ Ավարայրի դաշտից ոչ շատ հեռու: Վահան Մամիկոնյանը հայկական զորաբանակը բաժանում է երեք թևի.
ինքը գլխավորելու էր աջ թևը, կենտրոնում Սահակ Բագրատունին էր, իսկ ձախ թևն առաջորդելու էին Կամսարական իշխանները։ Մարտի վայր էր ժամանել նաև հայոց կաթողիկոս Հովհաննես Մանդակունին։ Ճակատամարտը սկսվում է պարսկական զորքի հուժկու հարձակումով, որից հետո հայկական զորքի
շարքերը փոքր-ինչ նահանջում են։ Որպեսզի հայ զինվորների շրջանում խուճապ չսկսվի, Վահան Մամիկոնյանը փորձում է այլ թևերից օգնության կանչել լրացուցիչ զորականների, սակայն նրանք, թեժ մարտի մեջ լինելով, չեն կարողանում օգնել նահանջած թևին։ Այդժամ ինքը՝ Վահան Մամիկոնյանը, համախմբելով իր ջոկատների ուժերը, հարձակվում է առաջ շարժված թշնամու վրա և ջախջախում։ Այնուհետև ամբողջ հայոց զորքն անցնում է հակահարձակման և փայլուն հաղթանակ տանում։ Հայ նախարարների և զինվորների շրջանում մեծ ցնծություն է տիրում։
Վահան Մամիկոնյանը Ներսեհապատի ճակատամարտից հետո իր բանակը տեղափոխում է Ծաղկոտն գավառի Վարշակի ջերմուկների շրջան, որը
հայկական զորքերի հանգստի համար նախատեսված վայրերից էր: Հայկական բանակին, սակայն, չի հաջողվում այստեղ հանգստանալ. Վրաստանից լուր է
հասնում, որ պարսկական զորքերն Աղվանքից շարժվում են Վրաստան, և Վախթանգը խնդրում է հայերի օգնությունը: Ըստ պայմանավորվածության՝ վրաց ապստամբներին պետք է օգնության հասնեին նաև
հոները:


Ճարմանայի ճակատամարտը
Հայկական բանակը Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ շտապում է դեպի Վրաստան: Այստեղ պարզվում է, որ հոները չեն կատարում իրենց խոստումը և օգնության չեն գալու: Հայ-վրացական համատեղ փոքրաթիվ զորքերը, ստիպված, ճակատամարտ են տալիս Ճարմանայի դաշտում: Ճակատամարտը
ավարտվում է հայ-վրացական բանակի պարտությամբ, զոհվում են հայկական զորքի հրամանատարներ Սահակ Բագրատունին և Վասակ Մամիկոնյանը,
գերի է ընկնում Հրահատ Կամսարականը: Այս պայմաններում, երբ ապստամբական ուժերի ղեկավարներից շատերը զոհվել էին կամ հայտնվել գերության մեջ, Վահան Մամիկոնյանը կրկին անցնում է մանր
մարտերի մարտավարությանը և հմտորեն խուսափում է մեծ ճակատամարտից: Հանկարծակի հարձակումները պարսից զորքի վրա և փոքր կռիվները ժամանակի ընթացքում ահռելի վնաս են հասցնում պարսկական զորքին:
Վահան Մամիկոնյանը, ինչպես պատմում է Ղազար Փարպեցին, դառնում է առասպելական հերոս. պարսիկները սարսափում էին նրանից, իսկ ժողովուրդը նրա քաջագործությունների մասին էր պատմում:

Հաղթանակների երկար սպասված ամրագրումը
484 թ. Սասանյան Պարսկաստանի թագավոր դարձած Վաղարշը, նկատի ունենալով իր թագավորության ծանր վիճակը, որոշում է զորքերը դուրս բերել Հայաստանից և Վրաստանից: 484 թ. Վաղարշը պատվիրակություն է ուղարկում Հայաստան՝ խաղաղություն կնքելու նպատակով:


Տեքստային աշխատանք

Ծանոթացեք մեջբերված հատվածին՝ զուգահեռ աշխատելով բերված պնդումների և հարցերի հետ։ Մեջբերված տեքստում ներկայացված է հատված
պարսից Վաղարշ արքայի կողմից բանակցություններ վարելու նպատակով Հայաստան ուղարկված Նիխոր անունով դեսպանի և Վահան Մամիկոնյանի հանդիպման մասին։ Հայոց աշխարհը գնալով՝ Նիխորը չհամարձակվեց
խորանալ Հայքի գավառները, այլ մնաց Հեր կոչված
գավառի մի գյուղում, որի անունն է Նվարսակ։ Նա Վահան Մամիկոնյանի մոտ դեսպաններ ուղարկեց, որոնց միջոցով հայտնեց իր Հայք գալը և թե «Հրովարտակ ունեմ Վաղարշ թագավորից՝ ուղղված ձեզ, որպեսզի խաղաղությամբ նվաճեմ ձեզ, և Արյաց բոլոր ավագներից էլ պատգամ ունեմ ձեզ հաղորդելու։ Արդ, եկե՛ք, լսեցե՛ք և, ի՜նչը ձեզ հաճելի ու բարի կհամարեք, այն էլ կընտրեք»։ …Այնուհետև հայոց զորավար Վահան Մամիկոնյանը ճանապարհ ընկավ ուխտապահ բոլոր նախարարների և կազմ ու պատրաստ իր զորքերի հետ։ Եվ Մամիկոնյան Վահանը, գալով Արտազ գավառի Եղինդ կոչված գյուղը, հանգիստ առավ իր հետ գնացած բոլոր զորքերով հանդերձ։ Մարդ
ուղարկեց Նիխորի մոտ ու իր գալուստի մասին տեղեկացրեց։ Եվ Վահան Մամիկոնյանը Նիխորին ասում էր. «Արդ,
եթե կարծում ես, որ ես պիտի գամ ու տեսնեմ քեզ, ապա
ինձ ուղարկիր պարսից ավագներ ականավոր տոհմերից,
որպեսզի գան այստեղ, մնան իմ ազատների մոտ, մինչև
ես գամ, քեզ տեսնեմ, և ես ու դու միմյանց հետ խոսելով
լսենք իրար ու կատարենք ինչ որ արժան կհամարենք»։
Նիխորը, լսելով Վահան Մամիկոնյանի գալու և առաջադրած պահանջի մասին, շտապով Շիրակի տեր Ներսեհ Կամսարականին տվեց տանելու Ատրպատականի շահապ Բազեին, Հայոց հազարապետ Վեհ-Վեհնամին, Միհրանի եղբայր Ներսշապուհին և ուրիշ հինգ պարսիկ ավագների։
Վահան Մամիկոնյանն էլ Նիխորի ուղարկած ավագներին
ընդունեց բարեկամաբար և այն օրը խնդությամբ միասին
անց կացնելով, առավոտյան այն ութին էլ թողնելով իր
հավատարիմ մարդկանց մոտ, որոնց կարգադրեց նրանց
պատվել արժանավորապես և զգուշանալ, իսկ ինքը զորքով, կազմ ու պատրաստ գնաց Նիխորի մոտ։ Մոտենալով այն գյուղին, ուր Նիխորն էր, իր հետ եղած զորքին հրամայեց դասավորվել ըստ պատերազմական կարգի։
Եվ նրանք, Վահան Մամիկոնյանի հրամանը լսելուն պես,
ցույց տվին անձնակազմի լիակատար պատրաստությունը։
Վահան Մամիկոնյանը կարգադրեց հնչեցնել պատերազմական փողերը։ Եվ փողերի ձայների սաստկությունից երկիրը թնդաց, որից զարհուրած՝ Նիխորի մարդիկ կարծեցին, թե Վահան Մամիկոնյանը խաբեությամբ եկել է
իրենց ջախջախելու և ոչ թե սիրով ու խաղաղությամբ
դաշն կնքելու։
…Իսկ Վահան Մամիկոնյանը սկսեց խոսել Նիխորի
հետ և ասաց. «Ես և ինձ հետ եղած ուխտապահ նախարարները, ինչ որ քեզանից խնդրեցինք պատգամավորների միջոցով և գրելով, որ և երեկ ու այսօր խոսեցի դեմ հանդիման, և դու, Արյաց տիրոջ հրամանով և ամբողջ
արքունիքի ավագանու հրամանով, գրով ու կնիքով
խոստացար տալ մեզ՝ քրիստոնեական հավատի հաստատություն, Հայոց աշխարհից մոգերի ու ատրուշանների վերացում, մեր եկեղեցու պայծառացումն ու պաշտամունքը՝ ինչպես մենք կկամենանք։ Առանց սրանց
անհնար կլինի, որ մենք ապրենք և ձեզ ծառայենք։
Սրանք, որ կարևոր են մեզ համար և անհրաժեշտաբար պետքական, թագավորի կնիքով հաստատիր մեզ համար, նաև՝ մնացածները, որ գրված են նամակի մեջ,
դու բոլորը գիտես, և պետք չէ, որ քո առաջ շատախոսենք։ Իսկ գահը, պատիվն ու շքեղությունն էլ, նայելով յուրաքանչյուրի վաստակին, տվեք առանց կասկածելու և մի՛ զրկեցեք»։ Վահան Մամիկոնյանն ասաց այս բոլորը, և Նիխորն էլ ամեն ինչ սիրով ունկնդրեց ու հաճույքով հանձն առավ։
Ղազար Փարպեցի, Հայոց պատմություն
1. Ուշագրավ է այն հանգամանքը, որ երբ դեռ չէին
հանդիպել Վահան Մամիկոնյանը և Նիխորը, նրանց
միջև փոխադարձ անվստահություն կար։ Պատճառը, բնականաբար, երկու ժողովուրդների միջև
առկա պատերազմական վիճակն էր։ Փորձեք տեքստում գտնել այն հատվածները, որոնք վկայում են
մինչ հանդիպումը եղած այդ փոխադարձ անվստահության մասին։
2. Բանակցությունների ժամանակ Վահան Մամիկոնյանի այս խոսքերը՝ «Իսկ գահը, պատիվն ու շքեղությունն էլ, նայելով յուրաքանչյուրի վաստակին,
տվեք առանց կասկածելու և մի՛ զրկեցեք», վերաբերում են հետևյալ խնդրին. Պարսից արքունիքը հարստություն, պատիվ և պաշտոններ տալիս էր
քրիստոնեությունն ուրացող հայ նախարարներին, իսկ Վահան Մամիկոնյանը պահանջում է, որ պաշտոնների և պատվի արժանանան ոչ թե ուրացողները, այլ նրանք, ովքեր արժանի են։


Այսպիսով, Վահան Մամիկոնյանն ընդունում է հաշտության առաջարկը և պատվիրակներին հայտնում է իր երեք պայմանները, որոնց հիման վրա պետք է
կնքվեր հաշտությունը: Նախ պահպանվելու էր հայերի
քրիստոնեական հավատը, պարսից արքունիքը հրաժարվելու էր հավատուրացության դիմաց պաշտոններ տալու քաղաքականությունից, վերացվելու էին զրադաշտականության կենտրոնները, դադարեցվելու էին
հայ եկեղեցու նկատմամբ ոտնձգությունները: Ըստ երկրորդ պայմանի՝ վերականգնվելու էին հայ նախարարների ժառանգական իրավունքները: Համաձայն երրորդ պայմանի՝ պարսից արքան առանց միջնորդների պետք է հարաբերություն հաստատեր հայ նախարարների հետ, որպեսզի բացառվեին զրպարտությունն ու խառնակչությունը: Այս պայմանները ընդունվում են
պարսից պատվիրակության կողմից 484 թ. Նվարսակ գյուղում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ։ Նվարսակի պայմանագիրը հայոց պատմության ընթացքում կնքված ամենանշանավոր պայմանագրերից
է։ Դրանով ամփոփվեցին 450-451 թթ. և 481-484 թթ. ապստամբությունների շնորհիվ ձեռք բերված արդյունքները՝ Հայաստանում քրիստոնեության և ներքին
ինքնավարության պահպանումը։


Հարցեր և առաջադրանքներ
1․ Ի՞նչ փաստեր են խոսում այն մասին, որ Ավարայրի
ճակատամարտից հետո Պարսկաստանը հրաժարվեց
հայերի բռնի կրոնափոխության մտադրությունից,
սակայն շարունակեց այլ միջոցներով (ոչ բռնի) կրոնափոխության քաղաքականությունը։
2. Ի՞նչ փաստերի հիման վրա կարելի է պնդել որ Պարսկաստանը մեծ կարևորություն էր տալիս հայ և վրաց
ժողովուրդների կրոնափոխությանը։
3. Ի՞նչ տարբերություններ կարելի է գտնել Ակոռիի, Ներսեհապատի և Ճարմանայի ճակատամարտերի միջև։
4. Նշի՛ր անձնային հատկանիշներ, որոնք բնութագրում
են հանուն հավատի նահատակված Վարդենի-Շուշանիկին։ Կամ փորձի՛ր նկարել Վարդենի-Շուշանիկի
դիմանկարը՝ բացատրելով, թե ինչու ես հենց այդպիսի դիմագծերով պատկերել նրան։
5. Ի՞նչ տպավորություններ ունես Նիխորի գործունեության և անձի վերաբերյալ: Կարո՞ղ ես պնդել, որ
թեմայի տեքստը բավական է նրա անձի և գործունեության մասին տպավորություններդ ճշմարիտ համարելու համար։
6. Ի՞նչ նշանակություն ունեցավ Վարդանանց և Վահանանց պայքարը հայ ժողովրդի համար և ի՞նչ ազատություններ ապահովեց հասարակական կյանքի
տարբեր ոլորտների համար։



Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s