Հոկտեմբերի 10-ին’ վաղ առավոտյան, ուղևորվեցինք դեպի Արցախ, օրեր շարունակ պատրաստվել ու թրթիռով սպասում էինք այս ճամփորդությանը: Նախագիծն ուղարկել էինք սովորողներին. խումբը շատ արագ հավաքվեց, ու ցանկացողների մի բանակ էլ անհամբեր սպասում է, թե երբ ենք կրկին գնալու:
Ծնողների բարեմաղթանքները լսելուց հետո’ տեղավորվեցինք ու ճանապարհ ընկանք: Ամբողջ ճանապարհը լեցուն էր աշնանային հմայքով: Առաջին օրը մնալու էինք Հաթերքում. երթուղին Երևան-Սևան-Սոթք—Դադիվանք-Հաթերք: Առաջին կանգառը Հայրավանք վանքային համալիրն էր, այն գտնվում է Գեղարքունիքի մարզի Հայրիվանք գյուղի հյուսիս-արևելյան մասում , Սևանա լճի ափին , ժայռեղեն հրվանդանի վրա: Հայրավանքի «Մարդացավնյաց» անունը կապված է կաթողիկոս Ղազար Ա Ջահկեցու գրի առած մի ավանդության հետ , ըստ որի, 1381թ-ին՝Լենկթեմուրի արշավանքի ժամանակ , Հայրիվանքի վանահայր Հովհանը Քրիստոսի Խաչափայտի մասունքով խաչի զորությամբ բռնակալի գերեվարած հազարավոր հայերի փոխակերպել է աղավնու և ազատ արձակել;
Ուսումնասիրելուց հետո մի փոքր սնվեցինք ու շարունակեցինք մեր ուղին: Քանի որ ընթրիքի համար կարտոֆիլ էր հարկավոր, Մարտունու ճանապարհին տեսնենք մի խումբ մարդիկ կարտոֆիլ էին քաղհանում, մեր սովորողներն էլ ( մի քանիսին հստակ հավատացրել էինք թե կարտոֆիլը հավաքում են թփից , պատեհ պահն էր մասնակիցը լինելու), ում հետաքրքեց, իջան և արագ-արագ հավաքեցինք ընթրիքի կարտոֆիլը :
Կարճաղբյուր գյուղի ճանապարհը ձգվում էր աշնանային գույներով ներկված ծառուղիներով, որտեղ կարող ես հանգստանալ, վայելել բնությունն ու շարունակել ճանապարհը:
Սովորողների մեծ մասի համար սա առաջին ճամփորդությունն էր Արցախ:
Ամեն անգամ Արցախ այցելելիս, թվում է, թե յուրաքանչյուր քար ու թուփ իր պատմությունն է շշնջում, թվում է, թե ձիերի պայտերի դոփյուններն եմ լսում, հեծյալների ազատատենչ գոչյունները, վերջին շրջանի արյունալի դրվագներն են կադրի պես անցնում աչքիս առաջով, մեր ահել ու ջահել զինվորների պատմող աչքերի, հայցքների ամրակուռ ոգին եմ զգում, հոգիս էլ լցվում է հպարտությամբ ու թախիծով:
Հասանք սպասված Դադիվանք.բնությունը, հայ տեսակը որքան ստեղծարար է իր համադրության մեջ, որ շունչդ կտրվում է: Դասավանդողներից յուրաքանչյուրը իր պատմությամբ, զգացողությամբ փորձում է սովորողների ուշադրությունը դարձնել ամեն մի մանրուքի:
Դադիվանք
Դադիվանքը տպավորիչ է, գրավիչ , տխուր ու հպարտ էր իր վաղեմի պատմությամբ, իր անցած ուղով; Դադիվանք Արցախի հնագույն վանական համալիրներից մեկն է, որը գտնվում է Մռավ սարի անտառապատ լանջերին, Թարթառ գետի ձախ ափին։ Կոչվել է նաև Խութավանք, որովհետև կառուցվել է խութի (բլրակի) վրա։Ավանդության համաձայն՝ եկեղեցին հիմնվել է Քրիստոսի առաքյալներից Թադևոսի հետևորդ Դադեի կողմից 1-ին դարում։ Դադիվանքի վերանորոգման շրջանակներում իրականացված պեղումների ընթացքում՝ 2007թվականի հուլիսի 21-ին, վանական համալիրի եկեղեցիներից մեկի խորանի տակ գտնվել են սուրբ Դադե առաքյալի մասունքները։Միջնադարյան պատմիչ Միքայել Ասորին գրում է.«Դադին մեկն էր այն 70 մարդկանցից, ովքեր սուրբ Թադևոսի հրամանով գնացել էին Մեծ Հայքի հյուսիսային շրջաններ: Աբգարի ձեռքով սպանվելուց հետո նրան թաղեցին Փոքր Սյունիքում, որտեղ էլ հետագայում վանք կառուցեցին ու անունը նրան պատվին Դադի դրեցին»: Վանական համալիրի առաջին եկեղեցին կառուցվել է 4-րդ դարում, իսկ 5-րդ դարում’դարձել եպիսկոպոսի նստավայր:Դարերի ընթացքում արաբական, ապա սելջուկյան արշավանքների ժամանակ վանքը բազմիցս ավերի ու ավարի է ենթարկվել։ Սակայն ամեն անգամ կրկին վերականգնվել է և ավելի ընդարձակվել։ XII դար-ում Մխիթար Գոշը միառժամանակ այստեղ բնակվել է աշխատել իր «Դատաստանագրքի» վրա:Եպիսկոպոս Սարգսի 13-րդ դարում կառուցած զանգակատանը: Եպիսկոպոս Սարգսի հայրը’ իշխան Վահրամը, Դոփյանց տոհմից էր: Զանգակատունը դարեր առաջ վերակառուցվելով, դարձել էր պահոց երկու խաչքարի համար: Ավանդույթի համաձայն քարե «ժանյակների» նախշերը վերցրել են Խաչենի իշխանուհի Արզու Խաթունի գործվածքներից: Ստացվել է նոր նուրբ գործվածք, որն այս անգամ քարից, ի տարբերություն սովորական խաչքարերի, չի կտրվում:
Իշխանուհին Դադիվանքին միայն ժանյակներ ու խաչքարեր չի տվել: Ահա թե ինչ է գրված ճարտարապետական համալիրի կենտրոնի՝ Արզու Խաթուն տաճարի պատին (1214թ.), «Ամենակարող հայր Աստծո ու նրա Միածին որդու՝ Հիսուս Քրիստոսի օգնությամբ ու Սուրբ հոգու ընծայի շնորհիվ՝ ես՝ Քրիստոսի խոնարհ ծառա Արզու Խաթունս՝ մեծն իշխանաց իշխան Քուրդի դուստրն ու Հաթերքի տիրակալի ու ամբողջ Վերին Խաչենի տոհմի հիմնադիր Վախթանգի կինը, մեծ գորովանքով կառուցեցի սուրբ տաճարն այս’ ամուսնուս ու որդիներիս գերեզմանին»:
Եկեղեցու հարավային պատին Քրիստոսն Ավետարան է մեկնում Դավիթ Սքանչելագործին, իսկ Աստվածածինը՝ խաչազարդ ուրար։ Ըստ Կ. Գանձակեցու«Հայոց պատմություն» աշխատության՝ Դավիթ Ծարեցին՝ Սքանչելագործը, իր գործունեությունը ծավալել է Հանդաբերդ ամրոցին կից Ծար-Ջերմուկում՝ «Բաղնիք-արքունաք»-ում։ Պատմիչը վկայում է, որ Քրիստոսը Դավիթ Ծարեցուն «երևացել է և ասել՝ վերափոխիր աշխարհը, բուժիր մարդկանց», և նա հանքային ջրի միջոցով բուժել է մարդկանց։ Արզուխաթունը Սքանչելագործի տեսիլքը պատկերել է իր կառուցած եկեղեցու պատին։
Շահեն Մկրտչյանի կարծիքով՝ Դավիթ Ծարեցու տեսիլքի որմնանկարը կատարվել է 12-րդ դարի 2-րդ քառորդին՝ Արզուխաթունի կենդանության օրոք։ Կ. Գանձակեցին վկայում է, որ հարավային պատի բարձրարժեք որմնանկարի հեղինակն Արզուխաթունն է. « Բոլոր նրանք, ովքեր տեսնում էին այդ աշխատանքները, Աստծուն օրհնություն էին տալիս, որ կանանց ոստայնանկության իմաստություն և նկարակերտության հանճար է տվել», հատկապես այդ բարեպաշտ կնոջը։ Փաստորեն Արզուխաթունն արվեստագետ կին էր, գիտեր ներկերի գունային երանգներ, քանդակաձև զարդամոտիվներ, ինչպես նաև հագուստի հյուսածո նախշեր ստեղծել։ Մատենագրությունից հայտնի է, որ Արզուխաթունն իր դուստրերի հետ վարագույրներ է գործել Նոր Գետիկի, Հաղպատի, Մակարավանքի, Դադիվանքի եկեղեցիների համար։
1920 թվականին Արցախը Խորհրդային ադրբեջանին բռնակցելուց հետո զրկվել է կալվածքներից, դադարել գործելուց։ 1960-ական թվականներին Ադրբեջանի իշխանությունները վանական համալիրի տարածքում գյուղ են հիմնել, որի բնակիչները վնասել են վանական համալիրի շենքերը, որմնանկարները։ 1993 թվականի մարտի 31-ին Դադիվանքն ազատագրվել է, 1994 թվականին վերաբացվել, իսկ 1999 թվականից սկսել են վերանորոգման աշխատանքները։
Դադիվանքում մեզ դիմավորեցին Հաթերքի արվեստի դպրոցի կազմակերպիչ բարեհամբույր Նունե Դավթյանը իր ամուսնու հետ:Դադիվանքից հետո շտապեցինք արվեստի դպրոց , որտեղ սպասում էին հաթերքցի դպրոցականները: Միասին պարեցինք , երգեցինք, Հասմիկ Գրիգորյանը ազգային պարի վարպետության դաս անցկացրեց:Տպավորիչ էր մեծ ու փոքր հաթերքցիների չափազանց հյուրընկալ լինելը. զգում էինք մենք մեր տանը, մեծ սիրով հաթերքցի երեխաները մեր սովորողներին հյուրընկալեցին իրենց տանը:
Հաջորդ առավոտյան հանդիպեցինք Հաթերքի միջնակարգ դպրոցի տնօրենի հետ, դպրոցը ունի մոտ 300 սովորող, ներկայացրեցինք մեր ծրագրերը, փոխանակվեցինք կոնտակտներով, հրավիրեցինք մեր դպրոցի 30-ամյակին: Այցելեցինք նաև տեղի մանկապարտեզներից մեկը, պարզվեց աշխատողներից մեկը Երևանում ապրելիս երեխան հաճախել է մեր դպրոց:
Հաջորդ առավոտյան տեղի սովորողների, մշակույթի դպրոցի տնօրենի հետ միասին հայրենագիտական քայլք ունեցանք տեղի նշանավոր վայրերով:
Ստորև ներկայացված տեղեկությունը, մինչ մեկնելը կարդացել էի համացանցում, այս պատմությունը պատմեցին մեզ Հաթերքում, մի կին էլ այդ դեպքի մասնակից, աշխատում էր մեր այցելած մանկապարտեզում:
1990 թվականին Հաթերքում կազմավորվել է «Փառանձեմ» կամավորական ջոկատը (հրամանատար՝ Ա. Հարությունյան)։ 1991 թվականի օգոստոսի 16-ին ջոկատը և գյուղի կանայք պատանդ են վերցրել ԽՄՀՄ ՆԳՆ զորքերի 43 զինվորի և պահանջել ազատել Հաթերք և Չափար գյուղերից պատանդ վերցված տասնյակ հայ երիտասարդների, որոնց ձերբակալել և ադրբեջանցիներին էր հանձնել ԽՍՀՄ ՆԳՆ զորքերի հրամանատարությունը։ Դեպքի կապակցությամբ և Զ. Բալայանի ահազանգով՝ օգոստոսի 18-ին Հաթերք են ժամանել «Կփկ»-ի մի շարք անդամներ, նրանց միջնորդությամբ նույն օրը կատարվել է պատանդների փոխանակում։ 1992 թվականի հունիսին Քելբաջարի շրջանի Ազգաբան, Չարեքտար և Նարիշտար գյուղերի հենակետերից «Գոսդ» կայանքներով հրթիռահրետակոծվել է Հաթերքը և շրջակա գյուղերը, հունիսի 5-ին հակառակորդը գրավել է Հաթերքը, հրկիզել տները, խոշտանգել երկու տասնյակից ավելի խաղաղ բնակիչների։ ԼՂԻՊՈՒ-ի հրետանավորները և կամավորական ջոկատները կարողացել են կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումն այլ ուղղություններում և հնարավորություն են ստեղծել բնակիչների տարհանման համար։ Հուլիսի 20-ին Հաթերքի ջոկատը հարձակվել է գյուղում տեղակայված հակառակորդի վրա, նրան կորուստներ պատճառել, ապա նահանջել ու դիրքավորվել է Վաղուհաս — Չլդրան ուղղությունում։ 1993 թվականի փետրվարի 20-ին ԻՊՈՒ ազատագրել են Հաթերքը։ Գյուղից զոհվել է 44 ազատամարտիկ։
Հաթերքում, բոլորը պատրաստ էին հետաքրքիր պատմություններ պատմել, մի քանի օր պետք է մնալ, որպեսզի այդ ամենը հավաքագրել, տեսաֆիլմեր պատրաստել: